Նախօրոք տարածված հայտարարության համաձայն` այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ակցիա էին կազմակերպել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ակցիայի նախաձեռնողներից Հայկ Ավետիսյանը նախ հիշեցրեց, թե ինչպես անցյալ շաբաթ կազմակերպված ակցիայի ժամանակ ոստիկանները բռնություններ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ` չխնայելով նույնիսկ տարեց մարդկանց: Հետո նա դիմեց ոստիկաններին` ասելով, որ իրենք իրավունք ունեն մասնակցելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու և ասելու, որ դեմ են սակագնի բարձրացմանը»,- հայտարարեց Հայկ Ավետիսյանը: Այդ ընթացքում հանձնաժողովի դիմաց հավաքված ակտիվիստները թմբուկ էին զարկում, իսկ քաղաքացիները վանկարկում էին` «Օսիպով, հանցագործ» (նկատի ունեին փոխոստիկանապետ Վալերի Օսիպովին, որը տարիներ շարունակ խոչընդոտում է բողոքի ակցիաները):
Ակցիային մասնակցում էին նաև «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը` իր կրտսեր դստեր հետ, ՀԱԿ-ից՝ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանն ու Էլինար Վարդանյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը: Քաղաքացիները պահանջում էին, որ ոստիկանները թույլ տան, որպեսզի ժողովրդի ներկայացուցիչները գնան ու մասնակցեն հանձնաժողովի նիստին: Քաղաքացիներից էլ կրկնապատիկ ավելի հավաքված ոստիկաններն իրենց հերթին էին հակադարձում, որ տեղ չկա: Այդպես հայտարարեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը, որը տևական վանկարկումներից հետո բարեհաճեց իջնել հավաքված բազմության մոտ:
Իսկ ներքևում բազմությունը շարունակում էր վանկարկել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, Վալերի Օսիպյանի, այլ պաշտոնյաների անուններ, հիշեցնել, որ իրենք իրավունք ունեն քաղաքացիական անհնազանդություն կազմակերպելու և իրենց բողոքի ձայնը բարձրացնելու:
«Ամո՛թ, ամո՛թ»,- վանկարկում էին քաղաքացիական ակտիվիստները: Մի պահ միայն «Արմնյուզ» հեռուստաընկերության աշխատակիցներին թույլ տվեցին մուտք գործել հանձնաժողով, ինչն ավելի վրդովեցրեց բազմությանը: Նրանք հայտարարեցին, որ ոստիկանները պետք է թույլ տան տասը հոգու մուտք գործել և ներկա գտնվել հանձնաժողովի նիստին: Որոշ ժամանակ անց հրմշտոց սկսվեց կիզիչ արևի տակ կանգնած ոստիկանների ու քաղաքացիների միջև: Կարմիր բերետավորները փորձեցին բերման ենթարկել «անհնազանդ» քաղաքացիներին, որոնք պահանջում էին, որ Ռոբերտ Նազարյանն իջնի և հանդիպի ժողովրդի հետ:
Հանձնաժողովի նիստին թույլ տվեցին մասնակցել ԱԺ ոչիշխանական խմբակցությունների պատգամավորներին:
Տևական ժամանակ անց նրանք դուրս եկան նիստից: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ներկայացրեց նիստում տեղի ունեցածը: Նա հայտարարեց, որ ԱԺ հինգ խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև` ՀԿ ներկայացուցիչները, ներկայացրել են բազմաթիվ քաղաքական, տնտեսական, իրավական հիմնավորումներ, համաձայն որոնց` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անթույլատրելի է: Նիստին ներկա չեն եղել ո՛չ էկոնոմիկայի, ո՛չ էներգետիկայի նախարարները, իսկ հանձնաժողովի անդամները, առանց ծպտուն հանելու, քվեարկել են միաձայն, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է չորս դրամով:
«Հինգ կոճակ քվեարկեց, որ էլեկտրաէներգիան թանկանալու է»,- իրավիճակը պատկերավոր նկարագրեց Արամ Մանուկյանը:
Այնուհետև նա տեղեկացրեց, որ այս պահին ԱԺ ոչիշխանական քառյակը չի կայացրել որոշում և խնդրեց ժամանակ տալ, որպեսզի քննարկեն և տեղյակ պահեն հետագա քայլերի մասին:
Հավաքված քաղաքացիները «դա՛-վա՛-ճա՛ն» վանկարկելով հեռացան:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ